Հայ մեծ երգահան Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում։ Խաչատրյանի ստեղծագործությունները ծանոթ են բոլորազգերին, դրանք հնչում են ռադիոյով, հեռուստատեսությամբ, կինոֆիլմերում։ Դժվար թե գտնվի մեկը, որ չի լսել Խաչատրյանի «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները նկատվել են շատ վաղ հասակում, սակայն նոտաները նա
սովորել է 19 տարեկանում։ Դա 1922 թվականն էր, երբ ապագա մեծ երաժիշտն ընդունվում է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան)։ Դրա հետ միաժամանակ նա սովորում է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Սակայն երաժշտությունն ավելի է գրավում Խաչատրյանին. նա շատ կարճ ժամանակում դառնում է ուսումնարանի լավագույն սաներից մեկը և հնարավորություն ստանում համերգներով հանդես գալու Մոսկվայի կոնսերվատորիայի դահլիճներում։ Շուտով նա ընդունվում է Մոսկվայի պետական կոնսերվատորիա։
Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները արդեն համամարդկային արժեք են. նրա «Գայանե», «Սպարտակ» բալետները բեմադրվել և բեմադրվում են աշխարհի շատ երկրներում։ Հայտնի են նաև կոմպոզիտորի սիմֆոնիաները, կոնցերտները և այլ երաժշտական ստեղծագործություններ։ Խաչատրյանը բարձր էր գնահատում նաև երաժշտության դերը կինոյում։ Նա գտնում էր,
որ լավ երաժշտությունը նպաստում է ֆիլմի գաղափարի ամբողջական ընկալմանը։ Հենց այս սկզբունքով էլ նա գրել է «Պեպո» և «Զանգեզուր» կինոնկարների երաժշտությունը։
Արամ Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում։ Գերմանիայում նրան արքայական պուդել էին նվիրել, որի անունը Լյադո էր դրել (ըստ լյա և դո նոտաների)։ Կոմպոզիտորը հաճույքով էր զբոսնում Լյադոյի հետ։ Վերջինիս հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը։
Արամ Խաչատրյանի վաստակը մեծ գնահատականի է արժանացել. նրա անունը կրում են Հայաստանի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, դաշնակահարների և կոմպոզիտորների ամենամյա մրցույթը։ Նրա անունով փողոց կա Երևանում, իսկ արձանը կանգնեցված է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի դիմաց։